Սկիզբ / ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները, 2014

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները, 2014

ՄԻԱՎ վարակի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունների պատճառով հնարավոր չէ միայն գրանցված դեպքերի հիման վրա դատել համաճարակի զարգացման միտումների մասին: ՄԻԱՎ-ի տարածվածության իրական մակարդակը բացահայտելու, համաճարակի զարգացման միտումները պարզելու համար պարբերաբար իրականացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ:

Սույն հետազոտությունն իրականացվել է երկրորդ սերնդի համաճարակաբանական հետազոտությունների սկզբունքների գործնական կիրառմամբ: Երկրորդ սերնդի համաճարակաբանական հետազոտությունների համակարգը հնարավորություն է տալիս ստանալու ՄԻԱՎ-ի տարածումը նվազեցնելու, համաճարակի զարգացման միտումները բացահայտելու և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժումն ու խնամքը պլանավորելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: Դա նշանակում է, որ այդ հետազոտությունները հաշվի են առնում երկրում համաճարակի փուլը և առանձնահատկությունները, տվյալները հավաքագրվում են բնակչության առավել խոցելի խմբերում և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ-ի տարածվածության տվյալները համադրվում են ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող վարքագծի վերաբերյալ տեղեկատվության հետ, ինչը հնարավորություն է տալիս հասկանալու ժամանակի ընթացքում համաճարակի բնույթի փոփոխման պատճառներն ու միտումները:

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական հետազոտությունների նպատակն էր գնահատել բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը: ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտություններն անցկացվել են ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող վարքագծային գործոնները բացահայտելու, ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը գնահատելու համար:

Հետազոտությունները զուգակցվել են արյան միջոցով փոխանցվող այլ վարակների և որոշ սեռավարակների վերաբերյալ հետազոտությունների հետ:

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունները նաև հնարավորություն են տալիս գնահատելու իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը, մշակելու և ներդնելու արդյունավետ կանխարգելիչ ծրագրեր:

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններն անցկացվում են երկու տարին մեկ: Նախապես սահմանվում են հետազոտությունների անցկացման աշխարհագրական տարածքները, ընտրանքային խմբերը, ընտրանքային տեղամասերը, հաշվարկվում են ընտրանքի չափերը:

Ընդհանուր բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական իրավիճակը գնահատելու նպատակով անցկացվում է համաճարակաբանական մշտադիտարկում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հղիների շրջանում կատարվող հետազոտությունների և դոնորական արյան սկրինինգի նկատմամբ: Արյան դոնորների շրջանում կենսաբանական հետազոտություններն իրականացվում են պարտադիր կարգով, մշտապես: Հղիների շրջանում կենսաբանական հետազոտություններ կատարվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացվող ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության շրջանակներում, մշտապես:

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել ստորև հղումից։

  Ներբեռնել նյութերը