Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Աշխատանքային հանդիպումներ ՄՀՀ-ին կից գործող Գլոբալ հիմնադրամի 2018-2021 թվականների դրամաշնորհային հայտի մշակման համար ձևավորված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ

Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մի շարք երկրների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման մասով գտնվում է Անցումային պատրաստվածության փուլում, որի ուղղությամբ 2016 թվականից սկսված երկրում իրականացվում են մի շարք միջոցառումներ` վերը նշված գործընթացի իրականացումը պատշաճ ապահովելու համար: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ձևավորվեց «Անցումային պատրաստվածության գնահատման» աշխատանքային խումբ, բացի այդ, «Անցումային պատրաստվածության գնահատման» զեկույցի մշակման նպատակով ընտրվեց տեղային փորձագետ և համատեղ աշխատանքի արդյունքում՝ կազմվեց «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի անցումային շրջանի պատրաստվածության գնահատման» զեկույցը: Վերջինիս պետք է հաջորդի «Անցումային պլանի» մշակումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի կողմից մշակված և Գլոբալ հիմնադրամին ներկայացված զեկույցի ամբողջականացման ուղղությամբ դեռևս իրականացվելիք աշխատանքներ կան, Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (այսուհետ` ՄՀՀ), համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով, դիմել է Գլոբալ հիմնադրամին` սույն աշխատանքներում «Կուրացիո» միջազգային հիմնադրամին ներգրավելու խնդրանքով:

Արդյունքում, սույն թվականի նոյեմբերի 27-29-ը Հայաստանի Հանրապետություն ժամանեց «Կուրացիո» միջազգային հիմնադրամի փորձագետ Իվդիթի Չիկովանին: ՄՀՀ քարտուղարությունում նշված երեք օրերի ընթացքում կազմակերպվեցին աշխատանքային հանդիպումներ ՄՀՀ-ին կից գործող Գլոբալ հիմնադրամի 2018-2021 թվականների դրամաշնորհային հայտի մշակման համար ձևավորված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի աշխատանքային խմբերի անդամների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Աշխատանքային հանդիպումները բավականաչափ հագեցած էին և նպատակ էին հետապնդում թարմացնել առկա տեղեկատվությունը և ստանալ լրացուցիչ տեղեկատվություն` համապատասխան աշխատանքային խմբերի անդամների, պետական, մասնագիտացված կազմակերպությունների, հասարակական հատվածի և բոլոր շահգրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկումների շրջանակներում:

Ամփոփելով վերոգրյալը և ելնելով այն հանգամանքից, որ Անցումային պատրաստվածության գործընթացը բաղկացած է մի շարք փուլերից ու նշված փուլին հաջորդելու է «Անցումային պլանի» մշակումը, «Կուրացիո» միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը դեռևս կկրի շարունակական բնույթ` մինչ երկրի համար շատ կարևոր փաստաթղթերը վերջնականացնելը և գործընթացը ավարտին հասցնելը: