Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, տուբերկուլոզի Եվ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ

Սույն թվականի օգոստոսի 2-ին «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ՝ ՄՀՀ) նոր անհատական կազմի առաջին նիստը (ՄՀՀ նոր անհատական կազմը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի սույն թվականի հունիսի 20-ի N 1866-Ա հրամանով), որին, ի թիվս ՄՀՀ անդամների, մասնակցում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է ՄՀՀ նախագահ, հանդես եկավ բացման խոսքով` ողջունելով ՄՀՀ նոր անհատական կազմին, ինչպես նաև ներկայացնելով ՄՀՀ գործունեության կարգը, սկզբունքներն ու նպատակները:

ՄՀՀ նիստի օրակարգում ներառված էին երկու կարևոր հարց` ՄՀՀ փոխնախագահի ընտրության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի ներկայացման և հաստատման հարցերը:

ՄՀՀ փոխնախագահի ընտրության արդյունքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Աստղիկ Գրիգորյանը միաձայն ընտրվեց ՄՀՀ փոխնախագահ:

Հաջորդիվ, ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի Ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտը, որին հաջորդեց հարց ու պատասխան ներկայացված նյութի վերաբերյալ: Արդյունքում, ՄՀՀ անդամները միաձայն քվեարկեցին ներկայացված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի օգտին՝ հաստատելով վերջինիս ներկայացումը Գլոբալ Հիմնադրամ՝ նոր դրամաշնորհ ստանալու նպատակով:

ՄՀՀ քարտուղար Սիլվա Էլբակյանի կողմից ներկայացվեցին ՄՀՀ առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերը, որոնք վերաբերում են ՄՀՀ աշխատանքային խմբերի, հանձնաժողովների ձևավորմանը, ինչպես նաև ՄՀՀ քաղաքացիական հատվածի առաջիկա ընտրությունների անցկացմանը:

ՄՀՀ նիստի ընթացքում ՄՀՀ անդամ պետական կառույցների ներկայացուցիչների, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի կողմից քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, որոնք առնչվում են հաշմանդամներին, երիտասարդներին, որի արդյունքում ՄՀՀ անդամները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ոլորտում առկա բացերը լրացնելու ուղղությամբ:

Ամփոփելով ՄՀՀ նիստի բոլոր օրակարգային հարցերը՝ նորընտիր ՄՀՀ փոխնախագահ Աստղիկ Գրիգորյանը եզրափակեց նիստը: