Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Մեր մասին

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (այսուհետ` ՄՀՀ) ստեղծված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկի հաստատման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների որոշման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման ու շարունակական հսկողության իրականացման նպատակով: Հայաստանի Հանրապետությունում Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսվել է 2003 թվականին և մինչև 2015 թվականը ներառյալ իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում», «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» և այլ ծրագրեր:

Ներկայումս ՄՀՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է ՀՀ վարչապետի 2011 թվականի օգոստոսի 19-ի
N 785-Ա որոշմամբ հաստատված պահանջներով, որոնց համաձայն առողջապահության նախարարի հրամանով հաստատված է ՄՀՀ կանոնակարգը, և հանձնաժողովը իր աշխատանքներն իրականացնում է համաձայն կանոնակարգի, որին կարող եք ծանոթանալ ՄՀՀ պաշտոնական ինտերնետային կայքում: ՄՀՀ հիմնական գործառույթը կապված է Հայաստանի Հանրապետությունում Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ողջ գործընթացի հետ (ծրագրային հայտերի ներկայացում, դրանց հաստատում, հսկողություն, հաշվետվության ընդունում և այլ), որն իրականացվում է պահպանելով ՄՀՀ հիմնական սկզբունքներն ու նպատակները (թափանցիկություն, կազմակերպությունների ներգրավվածություն, համագործակցություն, հավասար հնարավորությունների ստեղծում):

ՄՀՀ ներկայիս գործողկազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 30-ի N 1285-Ա որոշմամբ, իսկ անհատական կազմը՝ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով, որի համաձայն Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհուրդը բաղկացած է 29 անդամից: