Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

«ՄԻԱՎորենք ջանքերը» կոնֆերանս ՁԻԱՀ-ի կենտրոնում

Հոկտեմբերի 2-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ տեղական երեք հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից կազմակերպված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին նվիրված «ՄԻԱՎորենք ջանքերը» կոնֆերանսը:

Կոնֆերանսի նպատակն էր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի խնդիրների վերհանումը, դրանց լուծման ուղիների որոնումը:

Կոնֆերանսին մասնակցում էին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները, որոնք հանդես եկան ներկայացումներով։ Մասնավորապես, Կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում արձանագրված հաջողություններն ու դրանում ՁԻԱՀ-ի կենտրոնի դերը, ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Կենտրոնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գիրգորյանը խոսեց 2018թ. իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների հիմնական արդյունքների և խմբերի չափերի գնահատման մասին, իսկ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը հանդես եկավ «ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում 2018թ. իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների հիմնական արդյունքները» զեկույցով։

Ներկայացվեցին նաև այլ հետազոտություններ, միջազգային և տեղական փաստաթղթերի ուսումնասիրություններ:

Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ Առողջապահության, Արդարադատության նախարարություններից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովից, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրից, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից, Ավանի հոգեկան առողջության կենտրոնից, Բաց հասարակություններ հիմնադրամից, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցից, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:

Ընդհանուր առմամբ, կոնֆերանսին մասնակցում էր ավելի քան 80 ներկայացուցիչ։ Հրավիրված էին նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում վերանորոգված և արդիական սարքավորումներով հագեցված ուսումնական ռեսուրսային կենտրոնի հնարավորություններն օգտագործվում են ինչպես ՁԻԱՀ-ի կենտրոնի, այնպես էլ ոլորտում գործող պետական, հասարակական, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: