Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Մոսկվայում մեկնարկեց «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» ԱՀԿ նախարարական գլոբալ համաժողովը

Մոսկվայում մեկնարկեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կողմից կազմակերպված առաջին նախարարական գլոբալ համաժողովը «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» խորագրով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Ներկայացուցչական այս համաժողովը կոչված է համախմբման հարթակ դառնալու աշխարհի տարբեր երկներում տուբերկուլոզի գլոբալ համաճարակի կանխման։

Այդ նպատակով կշեշտադրվեն միջոլորտային համագործակցության սերտացման, գլոբալ մարտահրավերների և վտանգների ծագման դեպքում միջոցառումների համատեղ պլանավորման, ախտորոշիչ նյութերի, դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակման ոլորտում գիտահետազոտական համագործակցության զարգացման հարցերը: Տուբերկուլոզի վերացման գործում կկարևորվեն համակարգված և հետևողական քայլերը:

Համաժողովին նախատեսվում է ստորագրել նախարարական հայտարարություն, որտեղ կամրագրվեն Կայուն զարգացման նպատակներին հասնելու և տուբերկուլոզի վերացման նպատակով ԱՀԿ անդամ-երկրների գործունեության հիմնական ուղղությունները: Նախարարական հայտարարությունը կհրապարակվի 2018 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` տուբերկուլոզին նվիրված բարձրաստիճան հանդիպման ժամանակ:

Համաժողովն, անշուշտ, կխթանի Կայուն զարգացման նպատակներին, մասնավորապես` մինչև 2030 թվականը տուբերկուլոզի հաղթահարմանը հասնելուն և այդ հիվանդության դեմ պայքարի ԱՀԿ ռազմավարության դրույթներն իրականացնելու նպատակով միջազգային և միջոլորտային համագործակցության ամրապնդմանը: