Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Տուբերկուլոզի հաղթահարման գործում մեր երկրի փորձը ներկայացվել է ԱՀԿ նախարարական գլոբալ համաժողովում

«Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» խորագրով գլոբալ համաժողովի երկրորդ օրը նախարարական պանելային նիստում քննարկվել է «Կայուն և բավարար ֆինանսավորում» օրակարգային հարցը։ Նիստը վարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի առողջապահական համակարգերի և հանրային առողջության բաժնի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Նիկ Հերբերտը, Ինդոնեզիայի առողջապահության նախարար Նիլա Մոելոեկը, Բելառուսի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Մաքսիմ Երմալուկիչը, Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության պետական նախարար Միչիո Տակադին, Հնդկաստանի ազգային առողջության առաքելության կառավարման տնօրեն Մանոյ Ջհալանին, «Գլոբալ» հիմնադրամի գործընկերության ղեկավար Պիտեր Հանսենը, Գերմանիայի Դաշնության տնտեսական համագործակցության և զարգացման ֆեդերալ նախարարության վարչության պետ Հեյկո Վորնքենը։

Պատասխանելով համաժողովի մասնակիցների կողմից իրեն ուղղված հարցին` Լևոն Ալթունյանը ներկայացրել է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների բարելավում։ Նախարարը նշել է, որ միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ շարունակաբար ներդրվում են բժշկական օգնության նոր մոդելներ։ Ընդ որում, հիմնական ուղղվածությունը դեպի առողջության պահպանման առաջնային օղակն է։

Խոսելով տուբերկուլոզի հաղթահարման գործում հիվանդության ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մոտեցումների ներդրման մասին` Լևոն Ալթունյանը կարևորել է Կայուն զարգացման նպատակներին, մասնավորապես` մինչև 2030 թվականը տուբերկուլոզի հաղթահարմանը հասնելու գործում տարբեր երկրների ջանքերի համատեղումը։

Առանձնացվել է մեր երկրում հիվանդացության հիմնական ռիսկերից մեկը հանդիսացող տուբերկուլոզով հիվանդ միգրանտների հսկողության համատեղ ծրագրերի իրականացումը։

Լևոն Ալթունյանը նաև նշել է, որ նպատակ ունի Հայաստանում արագացնելու գործողությունները և տուբերկուլոզի հաղթահարմանը հասնել 2030 թվականից ավելի վաղ։