Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


“Անցումային և կայունության պլանի” մշակում «Կուրացիո» միջազգային հիմնադրամի փորձագետ Թամար Գոթսաձեի հետ

Հայաստանի Հանրապետության` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերի մասով «Անցումային պլանի» գործընթացը ապահովելու նպատակով, սույն թվականի հունվար ամսվա ընթացքում երկու աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում «Կուրացիո» միջազգային հիմնադրամի փորձագետ Թամար Գոթսաձեն, ով իր այցի ընթացքում հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ` ՄՀՀ) Գլոբալ հիմնադրամի 2018-2021թթ. դրամաշնորհային հայտի մշակման համար ձևավորված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բաղադրիչների, ինչպես նաև Անցումային պլանի մշակման ժամանակավոր գործող  աշխատանքային խմբերի հետ:

Սույն թվականի հունվարի 18-19-ը ՄՀՀ քարտուղարության կողմից կազմակերպվեց վերը նշված աշխատանքային հանդիպումներից առաջինը, որի ընթացքում տկն. Գոթսաձեն, հիմնվելով նախնական տվյալների և առաջարկների վրա, ներկայացրեց անցումային և կայունության պլանի գործընթացը, ժամանակացույցը և ռազմավարական մոտեցումները: Փորձագետը իրականացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և տուբերկուլոզի անցումային շրջանի ռիսկերի գնահատում, ինչպես նաև ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ոլորտում իրականացվող գործողությունների նախնական ցանկը:

Ամփոփելով 1-ին հանդիպման արդյունքները և մշտական աշխատանքային պրոցեսի մեջ գտնվելով ինչպես աշխատանքային խմբերի, այնպես էլ ՄՀՀ քարտուղարության հետ, Թամար Գոթսաձեն Հայաստանի Հանրապետություն ժամանեց սույն թվականի հունվարի 29-ին` 2-րդ աշխատանքային այցով, որի նպատակն էր ամփոփել և վերջնականացնել «Հայաստանի Հանրապետության անցումային և կայունության պլան» փաստաթուղթը: Հանդիպման ընթացքում տկն. Գոթսաձեն ամփոփեց աշխատանքային խմբերի անդամների կողմից ներկայացված մեկնաբանություններն ու առաջարկությունները, ինչպես նաև մշակեց արդյունքների գնահատման ցուցանիշները` վերջնականացնելով վերը նշված փաստաթուղթը, որը ներկայացվել է ՄՀՀ անդամներին, գործընկեր կազմակերպություններին և բոլոր շահագրգիռ կողմերին: