Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Առողջապահության նախարարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերահաստատել է տուբերկուլոզի վերացման` ՀՀ հանձնառությունը

Աշխատանքային այցով Նյու Յորքում  գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման օրակարգին:

Նախարարն ընդգծել է Հայաստանում վերջին տարիներին առողջապահական բարեփոխումների շնրոհիվ տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատման կարևոր ցուցանիշը, միաժամանակ, սակայն, շեշտելով, որ այս հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը:
Մեր երկրում տուբերկուլոզի դեպքերը 1990-ական թվականներին աճի միտում ունեին, սակայն 2000-ական թվականներին իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է գրեթե կիսով չափ կրճատել տուբերկուլոզով նոր հիվանդների թիվը և նվազեցնել մահացությունը ավելի քան 3 անգամ:
«Այդուհանդերձ, տուբերկուլոզի նոր և կրկնվող դեպքերի ցուցանիշը դեռևս բարձր է, իսկ բուժման արդյունավետությունը դեռ ցածր է, մոտ 81%՝ դեղերի հանդեպ զգայուն և 50%-ից պակաս՝ տուբերկուլոզի դեղակայուն ձևերի դեպքում: Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դեղակայուն տուբերկուլոզի բարձր բեռ ունեցող երկրների շարքում է: Ընդհանուր առմամբ, տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը բուժվում է հիվանդության այս ձևից»,-փոխանցել է նախարարը:
Հայաստանի ազգային հակատուբերկուլոզային ռազմավարությունը համապատասխանում է WHO END TB (ԱՀԿ-ն վերջ է դնում տուբերկուլոզին) ռազմավարությանը, ինչը հաստատում է ազգային մակարդակով տուբերկուլոզի դեմ պայքարի մեր հանձնառությունը: Նախարարը հաստատել է տուբերկուլոզի համաճարակը  մինչև 2025 թվականը մեր երկրում վերացնելու հանձնառությունը՝ համահունչ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին: Նախարարի ելույթն ամբողջությամբ` այստեղ:
Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015թ.՝ փորձարկելով, ապա ներդնելով նոր, պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր: Ավելի լավ դեղամիջոցների օգտագործումը, հետևելով դրանց ընդունման և խելամիտ կիրառման վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներին, կարևոր առաջընթաց քայլ էր մեր երկրի համար:
Հայաստանը ներկայացրել է հիվանդանոցներում հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հոսպիտալացման վերանայված և հստակեցված չափորոշիչներով: Դա հանգեցրել է հիվանդների ընդունելության զգալի կրճատման` 10 տարվա ընթացքում մոտ 60%-ով: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցային բուժման տևողությունն ու ծախսերը` առանց բացասաբար ազդելու բուժման արդյունավետ ցուցանիշերի վրա:
Հայաստանում տարվող հակատուբերկուլոզային քաղաքականության մասին պանելային քննարկման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: