Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


ԿԱՆԱՆՑ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՀ–ՈՒՄ Վերարտադրողական առողջության և իրավունքի պատկերը կանանց տարբեր խմբերի շրջանում

Մամլո հաղորդագրություն

«Կանանց անտեսանելի իրավունքը ՀՀ-ում վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի պատկերը կանանց տարբեր խմբերի շրջանում» զեկույցի ներկայացում

Սեպտեմբերի 28, 2018թ.

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանդիսությունների սրահում (ք․ Երևան, Պետրոս Ադամյան փողոց, 14) տեղի կունենա կլոր սեղան-հանդիպում, որի ժամանակ կներկայացվի ՀՀ-ում վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի օրենսդրությունն ու քաղաքականությունը, ինչպես նաև կներկայացվեն տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի հիմնախնդիրները:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 2017թ.-ից գործում է Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի հարցերով զբաղվող ցանց: Ցանցի անդամների համատեղ ջանքերով մշակվել է տարբեր խմբերի կանանց վերարտադրողական իրավունքների հիմնահարցերին վերաբերող զեկույց:

Զեկույցի հիմնական բացահայտումներ են՝

ՀՀ-ում պացիենտը չի կարողանում իրացնել սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ մեկուսի ու գաղտնի պայմաններում բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իր իրավունքը:
Կանանց տարբեր խմբերի սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մատուցման առանձնահատուկ պայմանների անհրաժեշտությունն ամրագրված չէ ՀՀ օրենսդրության մեջ:
Հայաստանում առողջ ապրելակերպ դասընթացի մոտեցման հիմքը «միայն ժուժկալությունն» է: Հետազոտությունները ցույց են տվել, որ «միայն ժուժկալության» սկզբունքի վրա հիմնված սեռական կրթության պարագայում, դեռահասներն ունենում են գիտելիքի պակաս` կրթված որոշումներ կայացնելու սեռական կյանքի վերաբերյալ իրենց ընտրություններում/որոշումներում:
Հակաբեղմնավորիչների օգտագործման ամենատարածված մեթոդը Հայաստանում դեռևս շարունակում է մնալ ընդհատված սեռական հարաբերությունը (25%), որը ամբողջ աշխարհում համարվում է ոչ հուսալի մեթոդ:
Հղիության արհեստական ընդհատման համար վճարվող պետական տուրքը բավական բարձր է և շատ կանայք դժվարությամբ են կարողանում վճարել այդ գումարը, ինչի արդյունքում կանայք վտանգում են սեփական կյանքը՝ վտանգավոր պայմաններում հղիության արհեստական ընդհատում իրականացնելով:
Գյուղաբնակ կանանց համար հղիության արհեստական ընդհատման հասանելիության և անվտանգության առանցքային խնդիրներից է  օրենսդրության մեջ ամրագրված  3-օրյա սպասելաժամանակը. կանայք ստիպված են ճանապարհորդել քաղաք, վերադառնալ ետ և 3 օրից նորից մեկնել հղիության արհեստական ընդհատում իրականացնելու համար: Այս դրույթն ունի նաև բարձր կոռուպցիոն ռիսկ:
Եզդի համայնքում մեծագույն խնդիր է մնում վաղամուսնությունները, մինչդեռ ՀՀ-ում վաղ ամուսնությունը շարունակում է մնալ չքրեականացված արարք։
Վաղաժամ ամուսնությունները առաջ են բերում մի շարք վերարտադրողական առողջական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են վաղաժամ մահացությունների։
Լեսբի և բիսեքսուալ կանայք հիմնականում խուսափում են դիմել գինեկոլոգներին` մասնագետների և բուժանձնակազմի խտրական վերաբերմունքի և վերջիններիս կողմից անձնական տեղեկության գաղտնիությունը չպահպանելու պատճառով:
Վերարտադրողական առողջության ոլորտի մասնագետները դեռևս չունեն միասնական մասնագիտական պատկերացում և մոտեցում ԼԳԲՏ անձանց հարցերի շուրջ: Նրանց մոտեցումները խտրական են և ոչ իրավունքահեն:
Հաշմանդամություն ունեցող կանայք չունեն վերարտադրողական առողջությանը վերաբերող կրթական ծրագրերի կամ խորհրդատվությունների մասնակցելու հնարավորություն։
Հաշմանդամություն ունեցող կինն իրավունք ունի առանց ընկերների և հարազատների այցելել բժշկի, որը գրեթե անհնար է:
Գրեթե բոլոր կանայք Հայաստանում /97%/ ՄԻԱՎ են ձեռք բերել իրենց զուգընկերների կողմից հետերոսեքսուալ ճանապարհով:
Բժշկական հաստատությունում հորդորել են ՄԻԱՎ-ով ապրող հղի կնոջն հղիության արհեստական ընդհատում իրականացնել՝ բացատրելով,  որ պտուղը չի կարող առողջ ծնվել:
Կլոր սեղանի ընթացքում ելույթ կունենան՝ Վիոլետա Զոփունյանը «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, Գոհար Փանաջյանը «Վերարտադրողական քաղաքականության փորձագետ», Անուշ Պողոսյանը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ» Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի ղեկավար, Ժենյա Մայիլյանը «Իրական աշխարհ-իրական մարդիկ» ՀԿ նախագահ, Լիլիթ Ավետիսյանը «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, ծրագրի ղեկավար, Բելլա Թամոյանը «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչ, Զարուհի Բաթոյանը/ենթակա է հաստատման/ հաշմանդամություն ունեցող անձանց փորձագետ:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի աշխատակից՝ Անուշ Պողոսյանին 010-54 24 62 կամ 094 56 56 26 հեռախոսահամարներով: