Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Աշխատանքային հանդիպում միջազգային փորձագետ Լիզա Ջոնսթոնի մասնակցությամբ

Սեպտեմբերի 13-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի ուսումնական ռեսուրսային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ-ում առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների նախնա­կան արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև այդ խմբերի չափերի գնահատմանն ուղղված աշխատանքների արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպում:

Կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը, ներկայացնելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս գնահատելու և մշտադիտարկելու ՄԻԱՎ-ի տարածվածությունը, տեղեկացվածությունը, ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծային առանձնահատկությունները առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, նաև այն, որ ստացված արդյունքները դառնում են հաստատուն հիմք ազգային ցուցանիշների ձևավորման համար: Հետազոտությունն իրականացվել է Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շնջանակներում, ֆրանսիական 5% նախաձեռնության տեխնիկական աջակցությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ճանաչված միջազգային փորձագետ Լիզա Ջոնսթոնի մասնակցությամբ, ով իրականացրել է հետազոտությունների բոլոր փուլերի աշխատանքների արտաքին վերահսկումն ու համապատասխանությունը միջազգային չափանիշներին և ընդունված մեթոդաբանությանը:

Ս.Գրիգորյանը կարևորեց հետազոտությունների անցկացումը, քանի որ դրանց արդյունքներից են բխում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի ռազմավարությունների մշակումը, միջոցառումների ուրվագծումը, սահմանվում գործընթացի, արդյունքի ցուցանիշներն առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, իրականացվում դրանց հավաքագրում, մոնիտորինգ և գնահատում: Խմբերի չափերի գնահատումը կարևոր է կանխարգելիչ միջոցառումների պլանավորման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվի վերահաշվարկման, բուժման կասկադի կառուցման և երեք 90-ների ցուցանիշների հաշվարկման համար:

Բացման խոսքով հանդես եկավ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ իրականացված հետազոտությունները կարևոր են նաև Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհներին հավակնելու տեսանկյունից, քանի որ դրանց իրականացման արդյունքում ստացված տվյալների հիման վրա են պլանավորվում և Գլոբալ հիմնադրամին ներկայացվում սահմանված թիրախներին հասնելու համար արդյունավետ գործողությունները:

Այնուհետև Լիզա Ջոնսթոնը ներկայացրեց կենսաբանական և վարքագծային հետազոտությունների իրականացման քայլերը, մեթոդները, ստացված հիմնական արդյունքները, խմբերի չափերի գնահատման մեթոդները, տվեց պարզաբանումներ ներկաների հարցերին:

Այնուհետև տեղի ունեցավ խմբերի չափերի գնահատմանն ու տվյալների էքստրապոլյացիային ուղղված խմբային աշխատանք, ինչին հաջորդեց քննարկում, որի արդյունքում աշխատանքային հանդիպման մասնակիցները եկան համաձայնության խմբերի չափերի գնահատման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Առողջապահության նախարարության գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբից, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնից, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովից, ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակից (UNOPS), ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետներ: