ՄՀՀ նիստի արձանագրություն թիվ 12

Ամսաթիվ՝ Հոկտեմբերի 3, 2014թ.

Նիստի անցկացման վայր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Նիստը նախագահող` Վ. Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մասնակիցներ

ՄՀՀ անդամներ

  1. Վահան Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  2. Անահիտ Մուրադյան, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  3. Ստեփան Բարսեղյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
  4. Պավել Ղազարյան, ՀՀ ֆինանսների նախարարություն
  5. Նարինե Կարապետյան, ՀՀ ոստիկանություն
  6. Քնար Ղոնյան, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչություն
  7. Ռոզա Սեխլեյան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչություն
  8. Վարդուհի Պետրոսյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների փոխդեկան, պրոֆեսոր
  9. Գրետա Խաչատրյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
  10. Նարինե Իգիթյան, «Պաշտպանենք երեխաներին տուբերկուլոզից» ՀԿ
  11. Նարինե Վարդապետյան, UMCOR Հայաստան
  12. Լուսինե Քոչարյան, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
  13. Դավիթ Ամիրյան , Բաց հասարակության հիմնադրամներ
  14. Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն
  15. Գայանե Ղուկասյան, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
  16. Րաֆֆի Դուդակլյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  17. Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
  18. Մերի Խաչիկյան, «Ընտանիքի առողջության համահայկական ասոցիացիա» ՀԿ
  19. Նինա Հարությունյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  20. Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
 

Այլ մասնակիցներ

  1. Նաիրա Խաչատրյան, ԲԱՍ
  2. Լենա Նանուշյան, ՄԱԿՁԻԱՀ
  3. Նարինե Կոստանյան, «Առաքելություն Արևելք» ՀԿ
  4. Արսեն Ասլանյան, ԳՀ տեղային գործակալ
  5. Ֆաբիեն Նեյրաթ, Ֆրանսիայի դեսպանատուն
  6. Սամվել Գրիգորյան, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
  7. Էլեն Գալաջյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  8. Աստղիկ Բերեզովսկայա, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ, ՄՀՀ քարտուղարություն
  9. Մարինա Տիրոյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  10. Մայա Սիմոնյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  11. Աննա Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  12. Վարդան Գրիգորյան, ՄՀՀ Քարտուղար

Նիստի օրակարգ

  1. Բացման խոսք, նիստի օրակարգի ներկայացում և հաստատում: Քննարկվելիք հարցերի վերաբերյալ պոտենցիալ շահերի բախման վերհանում
  2. Վերահսկող Մարմնի ընտրության արդյունքների հրապարակում
  3. «Առողջապահական Համակարգի Հզորացում» դրամաշնորհային ծրագրի ՀՍ և ԵՍ հետ Վերահսկող Մարմնի հանդիպման հաշվետվության ներկայացում
  4. Վերահսկող Մարմնի աշխատանքային պլանի նախագծի քննարկում և հաստատում
  5. Տեղեկատվություն ՏԲ դրամաշնորհային նոր հայտի հաստատման գործընթացի վերաբերյալ:
  6. ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ժամանակացույցի և նախապատրաստական աշխատանքների ներկայացում
  7. ՄՀՀ նոր, առաջարկվող կառուցվածքի քննարկում
  8. Այլ հարցեր
  9. Փակման խոսք

Քննարկում և որոշումներ

1. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը: Նա ողջունեց ներկաներին և ներկայացրեց նիստի օրակարգը, որը հաստատվեց ՄՀՀ բոլոր ներկա անդամների կողմից:

Այնուհետև Վ. Պողոսյանը խնդրեց, որ կանոնակարգի համաձայն ՄՀՀ բոլոր անդամները լրացնեն իրենց տրամադրված Շահերի Բախման առկայությունը/բացակայությունը հավաստող թերթիկները և հանձնել ՄՀՀ քարտուղարությանը:

Վ. Պողոսյանը հանձնարարեց ՄՀՀ քարտուղարությանը, որպեսզի համապատասխան նամակների միջոցով տեղեկացվեն կառավարական հատվածը ներկայացնող ՄՀՀ բացակայող անդամների ղեկավարները:

Խոսքը տրվեց ՄՀՀ քարտուղար Վարդան Գրիգորյանին

2. Վարդան Գրիգորյանը հրապարակեց 2014թ հունիսի 25-ին Վերահսկող Մարմնի կազմը հաստատելու նպատակով կազմակերպված էլեկտրոնային քվեարկության արդյունքները (կցվում է արձանագրությանը):

3. Վահան Պողոսյանը տեղեկացրեց, որ օրակարգի 3-րդ հարցը ներկայացնող Անահիտ Պապիկյանը գտնվում է գործուղման մեջ և հարգելի պատճառով չի կարողացել մասնակցել նիստին: Առաջարկեց անդրադառնալ այդ հարցին ՄՀՀ հաջորդ նիստի ընթացքում, ինչին հավանություն տվեցին նաև ՄՀՀ անդամները:

4. Խոսքը տրվեց Վարդան Գրիգորյանին, ով ներկայացրեց Վերահսկող Մարմնի 17.09.2014թ կայացած նիստի ընթացքում մշակված Վերահսկող Մարմնի 2014թ աշխատանքային պլանը (կցվում է արձանագրությանը):

Վահան Պողոսյանն առաջարկեց ներկաներին քվեարկությամբ հաստատել ներկայացված պլանը:

Քվեարկության արդյունքում Վերահսկող Մարմնի 2014թ աշխատանքային պլանը միաձայն հաստատվեց բոլոր քվեարկող ՄՀՀ անդամների կողմից:

5. Խոսքը տրվեց Հասմիկ Հարությունյանին, ով տեղեկատվություն տվեց ՏԲ դրամաշնորհային նոր հայտի հաստատման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես նա նշեց, որ ՄՀՀ անդամների կողմից հաստատված դրամաշնորհային հայտը պլանավորվածին համապատասխան Օգոստոսի 15-ին ներկայացվել է Գլոբալ Հիմնադրամին, արդեն մանրամասնությամբ ուսումնասիրվել է ԳՀ քարտուղարության կողմից, նամակագրությունը շրջանառվել է նաև ՄՀՀ անդամների և գործընկերների միջև, դրամաշնորհային հայտի տարբեր հարցերին վերաբերվող մի շարք պարզաբանումներ/հստակեցումներ են ակնկալվել ԳՀ կողմից, որոնք ՏԲ աշխատանքային խմբի հետ քննարկումներից հետո տրվել են լիարժեք և ժամանակին, որից հետո հայտը ներկայումս ուսումնասիրության է հանձնված ԳՀ տեխնիկական վերանայող հանձնաժողով: Առայժմ լրացուցիչ հարցեր չկան և սպասում ենք քննարկման գործընթացի ավարտին: Մոտ մեկ ամսվա ընթացքում ակնկալվում է ստանալ վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը ներկայացված հայտի վերաբերյալ:

6. Խոսքը տրվեց Հասմիկ Հարությունյանին, ով ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ժամանակացույցը և նախապատրաստական աշխատանքները (կցվում է արձանագրությանը):

Խոսք խնդրեց Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ֆաբիեն Նեյրաթը, ով տեղեկատվություն ներկայացրեց ֆրանսիական 5% նախաձեռնության վերաբերյալ: (կցվում է արձանագրությանը):

7. Վահան Պողոսյանն առաջարկեց ներկաներին քննարկել ՄՀՀ նոր առաջարկվող կառուցվածքը (կցվում է արձանագրությանը), որը ձևավորվել է հաշվի առնելով նաև ՄՀՀ քարտուղարության էլեկտրոնային փոստով ստացված կարծիքները և առաջարկությունները:

Վարդուհի Պետրոսյանը նշեց, որ չնայած միջազգային փորձագետի պնդմանը թե ՄՀՀ կազմում ՀՍ և ԵՍ ներկայացուցիչներ չպետք է լինեն, ԳՀ պորտֆոլիո ղեկավարը միանգամայն հնարավոր է համարում ՀՍ ներկայությունը պայմանով, որ այն չի մասնակցի շահերի բախում պարունակող հարցերի քննարկմանը և քվեարկությանը: Այդ ենթատեքստում Վարդուհի Պետրոսյանն առաջարկեց ՄՀՀ կազմից չհանել «Առաքելություն Արևելք» ՀԿ-ն: Միաժամանակ նա ողջունեց տեղական ՀԿ-ների ավելացումը ՄՀՀ կազմում:

Վահան Պողոսյանը համաձայնվեց վերոնշյալի հետ՝ մատնանշելով շահերի բախման արդյունավետ կառավարման ՄՀՀ ներկայիս կազմի փորձը, միաժամանակ շեշտեց ՄՀՀ կազմում միայն տեղական, ոչ կառավարական հատվածի 40% ներկայացվածության անհրաժեշտությունը:

Մամիկոն Հովսեփյանը խնդրեց հիմնավորել Անվտանգության Ազգային Ծառայության (ԱԱԾ) ընդգրկումը և Պաշտպանության նախարարության բացառումը ՄՀՀ նոր կազմից:

Վահան Պողոսյանը պարզաբանեց, որ նոր ձևավորվող կազմում ցանկալի է ընդգրկել այնպիսի կազմակերպություններ և գերատեսչություններ, որոնց ներկայացուցիչները պատրաստակամ կլինեն մասնակցել ՄՀՀ աշխատանքներին և նիստերին, իսկ պաշպանության նախարարությունը գրեթե երբեք չի հետաքրքրվել և մասնակցել դրանց, իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ ընդգրկմանը, ապա վերջինիս մասնակցությունը ենթադրվում է ցանկացած միջազգային լայնամասշտաբ ծրագրում:

Աստղիկ Գրիգորյանն առաջարկեց տարբեր գերատեսչություններից ընդգրկել այն ներկայացուցիչներին, ովքեր պատրաստակամություն կհայտնեն կանոնավոր մասնակցել ՄՀՀ աշխատանքներին և նիստերին:

Վարդուհի Պետրոսյանն առաջարկեց ՄՀՀ կազմում չընդգրկել ԱԱԾ-ը:

Աստղիկ Գրիգորյանն ԱԱԾ փոխարեն առավել նպատակահարմար համարեց ընդգրկել ՀՀ Սոցիալական ապահովության և Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունները, հիմնավորելով առաջարկը սոց. փաթեթների ապահովման ծառայությամբ առաջին և ՄԻԱՎ ծրագրերում ներգրավվածությամբ երկրորդ գերատեսչության դեպքում:

Գայանե Ղուկասյանը հետաքրքրվեց թե արդյոք ՄՀՀ կազմը պետք է բաղկացած լինի 30 անդամից, թե այդ թիվը փոփոխության ենթակա է:

Հասմիկ Հարությունյանը պարզաբանեց, որ որևէ հստակ թիվ ամրագրված չէ, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ նպատակահարմարությունը:

Վահան Պողոսյանը նկատեց, որ նույնիսկ 29 անդամի պարագայում հաճախելիությունը բարձր չէ և պետք է նկատի ունենալ թե գործնականում քանիսն են կանոնավոր հաճախում:

Գայանե Ղուկասյանը նշեց, որ ողջունում է սոց ապ նախարարության և միգրացիոն տեսչության ներկայությունը և ՄՀՀ կազմում ՀՍ ներկայացվածությունը ապահովելու առումով համաձայնվեց Վարդուհի Պետրոսյանի հետ:

Մերի Խաչիկյանը հետաքրքրվեց թե ինչ նկատի ունենք Մասնավոր հատվածի ներքո:

Վարդուհի Պետրոսյանը ևս խնդրեց պարզաբանել այդ հարցը:

Հասմիկ Հարությունյանը պարզաբանեց, որ դա կարող է լինել, որևէ մասնավոր ընկերություն, հյուրանոցներ, բժշկական սարքեր ներկրողներ և այլ մասնավոր կազմակերպություններ, որոնք որևէ կերպ կաջակցեն ծրագրին:

Աստղիկ Գրիգորյանը հարցրեց, թե արդյոք կարելի է Մասնավոր հատվածում ընդգրկել ՀԿ, որը ներկայացնում է մասնավորի շահերը:

Վահան Պողոսյանը պատասխանեց, որ մասնավորը պետք է իրավական այլ կարգավիճակ ունենա, ինչպիսիք են բաժնետիրական ընկերությունները, ՍՊԸ-ները և հավելեց, որ դա պետք է լինի լիարժեք մասնավոր ընկերություն, ինչպիսին են օրինակ Վիվասելը, Մուլտի Գրուփը կամ Օրանժը:

Աստղիկ Գրիգորյանը հետաքրքրվեց թե ինչպես է կազմակերպվելու այդ հատվածի ընտրությունները:

Վահան Պողոսյանը առաջարկեց այս հարցում ևս առաջնորդվել այլ երկրների փորձով:

Պավել Ղազարյանը առաջարկեց Մասնավոր հատվածը վերանվանել Ապրանք արտադրողների և ծառայություն մատուցողների միություն, ինչը կապահովագրի հետագա թյուրըմբռնումներից:

Վահան Պողոսյանն առաջարկեց ուսումնասիրել այլ երկրների փորձը և կիրառել Հայաստանի համար: Միաժամանակ կարծիք հայտնեց, որ մասնավոր պոլիկլինիկաները, կլինիկաները, լաբորատորիաները և այլ ՍՊԸ-ներ, որոնք բուժօգնությամբ են զբաղվում ևս կարող են ընդգրկվել: Նա նաև նշեց, որ Հայաստանի դեղարտադրողների միությունը, որը ներկայացված է ՄՀՀ-ում իրականում ՀԿ է, այլ ոչ թե մասնավոր կազմակերպություն:

Վահան Պողոսյանը առաջարկեց ՄՀՀ կազմից հանել ՀՀ ԱՆ փոխնարարի ներկայացվածությունը՝ հիմնավորելով դա ՄՀՀ նիստերին նախարարին կանոնավոր փոխարինելու պարտականությամբ: Նա առաջարկեց ընդգրկել ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունը՝ ՀՀ ԱՆ փոխնախարարի փոխարեն:

Վահան Պողոսյանը առաջարկեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչությունը փոխարինել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնով, հիմնավորելով առաջարկը այն հանգամանքով, որ ի պաշտոնե ՀՀ ԱՆ փոխնախարարը համակարգում է այդ վարչությունը և միաժամանակ վարում է ՄՀՀ նիստերը, ուստի առավել նպատակահարմար կլիներ այն փոխարինել մի կառույցով, որը կօգներ ինտեգրել միջազգային ծրագրերը բուժականին:

Գայանե Ղուկասյանը համաձայնվեց՝ նշելով, որ ՀՀ ԱՆ-ը արդեն ներկայացված է ՄՀՀ-ում, ուստի ստորաբաժանումների ներկայացվածությունը կարելի է կրճատել:

Րաֆֆի Դուդակլյանը առաջարկեց ընդգրկել Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը, հիմնավորելով առաջարկը ՄԻԱՎ ոլորտում վերոնշյալ գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերով:

Ստեփան Բարսեղյանը հայտնեց, որ Տարածքային Կառավարման Նախարարության Միգրացիոն Տեսչության ոլորտը սահմանափակ է և մտավախություն հայտնեց, որ այդ ոլորտի ՄՀՀ ներկայացուցիչը չի կարողանա գերատեսչության լիարժեք ներկայացվածություն ապահովել: Նա առաջարկեց պահպանել Տարածքային Կառավարման Նախարարությունը ՄՀՀ կազմում նախկին տեսքով, քանի որ միգրացիոն տեսչությունը վերջինիս ստորաբաժանումն է:

Գայանե Ղուկասյանը նկատեց, որ ՄԱԿ գործակալությունից ՄՀՀ նիստերին մասնակցություն չի լինում:

Հասմիկ Հարությունյանը պարզաբանեց, որ նոր կառուցվածքի հաստատումից հետո ՄԱԿ-ը նոր թեկնածություններ կարող է առաջադրել, որոնց թվում կարող է լինել նաև ՄԱԿ ՁԻԱՀ միացյալ ծրագրի ներկայացուցիչը, ով վերջերս է նշանակվել:

Գայանե Ղուկասյանը մտահոգություն հայտնեց ՄՀՀ կազմից Հայկական Կարմիր Խաչ (ՀԿԽ) ընկերության դուրս գալու կապակցությամբ:

Վահան Պողոսյանը առաջարկեց ընդգրկել ՀԿԽ-ին տեղական ՀԿ-ների շարքում:

Հասմիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այդ դեպքում այն պետք է անցնի ընտրական գործընթաց և առկա է նաև չընտրվելու վտանգ:

Լուսինե Քոչարյանը պարզաբանեց, որ Կարմիր Խաչ ընկերությունը ֆեդերատիվ բնույթ ունի և յուրաքանչյուր երկրում տեղակայվելիս կոչվում է այդ երկրի անունով, սակայն գլխավոր գրասենյակը գտնվում է Ժնևում և կառույցն իրականում միջազգային է:

Վահան Պողոսյանը խնդրեց ՀԿԽ ներկայացուցչին ճշտել թե ըստ կանոնադրության ով է այդ ընկերության հիմնադիրը: Եթե ընկերությունը հայկական է, ապա կարելի է ընդգրկել ՄՀՀ տեղական ՀԿ-ների հատվածում և նկատի ունենալով այդ ընկերության երկարամյա աշխատանքը ԳՀ դրամաշնորհային ծրագրերի ԵՍ կարգավիճակում կարելի է ՄՀՀ կազմով որոշում կայացնել և բացառության կարգով ընդգրկել ՄՀՀ կազմ՝ առանց ընտրությունների անցկացման:

Մերի Խաչիկյանը նկատեց, որ եթե կարելի է ՀՍ ներկայացուցիչներ ընդգրկել ՄՀՀ կազմում, ապա նպատակահարմար կլիներ նաև ԳՀ ծրագրերը համակարգող խմբի ներկայացուցչի ներկայությունը:

Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքն է այդ ներկայացուցիչը և քանի որ ՄՀՀ անդամությունից անկախ մասնակցելու է նիստերին, ապա անդամների կազմում ընդգրկվելը պարտադիր չէ:

Րաֆֆի Դուդակլյանը կարծիք հայտնեց, որ Հասմիկ Հարությունյանի ՄՀՀ անդամ լինելը կարևոր է տեղեկատվական հոսքերին և քննարկումներին լիարժեք մասնակցություն ունենալու տեսանկյունից:

Մամիկոն Հովսեփյանը պետական և ոչ պետական կրթական հաստատությունների ընտրությունների հնարավորությունների ենթատեքստում նկատեց, որ ՀԿ-ները իրենք են որոշելու թե ինչպիսի չափանիշներով ընտրվել:

Վահան Պողոսյանը հանձնարարեց ՄՀՀ քարտուղարությանը ամփոփել քննարկման արդյունքները, ներկայացնել առաջարկների հիման վրա ձևակերպված ՄՀՀ նոր կազմը և շրջանառել այն ՄՀՀ անդամների միջև, որպեսզի հաջորդ նիստի ընթացքում հնարավոր լինի հաստատել կազմը քվեարկությամբ:

8. Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ ս/թ հուլիսի 31-ին Վալերիա Գրիշեչկինայի կողմից ՀՀ Առողջապահության Նախարար Արմեն Մուրադյանին հասցեագրված նամակին (կցվում է արձանագրությանը): Նա տեղեկացրեց, որ կատարվել են քայլեր պետական և ոչ պետական հատվածների ՀՍ կողմից: ՀՀ ԱՆ ձեռնարկած քայլերից նա նշեց մեթադոնային ծրագրի մասին, որն իրականացվում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, այդ ծրագրի հիմնական խնդիրը բժշկական հանձնաժողովի կազմում ոստիկանության ներկայությունն է, որի վերաբերյալ հուլիսին ԳՀ առաքելության ժամանակ ԳՀ ներկայացուցիչները այցելել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն և ունեցել են քննարկում, որից հետո ՀՀ ԱՆ կողմից նամակ է գրվել և բացատրվել է հարցի էությունը, որտեղ նպատակահարմար է համարվել ոստիկանության ներկայացված չլինելը հանձնաժողովի կազմում, որին ի պատասխան վերջերս ստացվել է նամակ, որտեղ ոստիկանության ներկայացված չլինելը նպատակահարմար չեն գտնում և համարում են, որ ոստիկանության ներկայությունը նպաստում է մարդկանց ընդգրկմանը և որ որոշակի թվով մարդիկ ընդգրկվել են մեթադոնային ծրագրի մեջ ոստիկանների ջանքերով: Գրությամբ նաև առաջարկվում է ՀԿ-ների և ոստիկանության հետ համատեղ կրթալուսավորչական միջոցառումներ կազմակերպել և հասարակությանը լուսաբանել, որ ոստիկանությունը հնարավորինս աջակցում է ծրագրի իրականացմանը: Այլ քայլեր այս առումով առայժմ չեն ձեռնարկվել:

Վարդուհի Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ումն է վերջնական որոշումը:

Վահան Պողոսյանը պարզաբանեց, որ մեթադոնային ծրագրի իրականացումը դյուրին դարձնելու համար որոշվել էր հրաժարվել ոստիկանության ներկայությունից, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից կարելի է փորձել նախարարների մակարդակով այդ հարցը լուծելու հնարավորության մասին: Անհրաժեշտ է նաև մտածել այն մասին, որ ոստիկանության հանձնաժողովից դուրս գալու դեպքում որևէ խնդիր առաջանալիս պատասխանատվությունը կդրվի ամբողջությամբ ՀՀ ԱՆ վրա: Վահան Պողոսյանը հիշեցրեց, որ սկզբնական շրջանում ոստիկանությունը ընդդիմանում էր ծրագրին, իսկ այժմ բավականին առաջխաղացում կա և նրանք պարզապես ներկա են լինում տեղամասերում:

Գայանե Ղուկասյանն առաջարկեց մեխանիզմներ փնտրել նրանց ներկայությունը հնարավորինս աննկատ դարձնելու համար:

Վահան Պողոսյանը նկատեց, որ այսպիսի ծրագրերը նորություն չեն և շատ երկրներում գոյություն ունեն համապատասխան կառույցներ, որտեղ ապահովվում է ոստիկանության աննկատելիությունը, սակայն Հայաստանի պես փոքր երկրում սովորաբար հնարավոր չէ երկարաժամկետ գաղտնիություն ապահովել:

Գայանե Ղուկասյանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր է բժշկական ցուցումներ ձևակերպելիս խուսափել ոստիկանության միջամտությունից:

Վահան Պողոսյանը մատնանշեց որոշակի օրենսդրական հակասությունների առկայությունը և նկատեց, որ ոստիկանությունը հիմքեր, կարգեր է վկայակոչել որոնցով հիմնավորում է ոստիկանության մասնակցությունը:

Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ պետք է հաշվի առնել այն շահառուների անհանգստությունը, որոնք ծրագրի կողմից մերժվելու դեպքում հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:

Աստղիկ Գրիգորյանը հարցրեց թե արդյոք կատարվել է որևէ հետազոտություն դինամիկայի վերաբերյալ:

Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ այդ բնագավառում իրենց կազմակերպությունը արդեն երեք տարի ծրագիր է իրականացնում և դա նկատի ունենալով առաջարկեց ձևավորել աշխատանքային խումբ տարբեր ՀԿ-ների և/կամ ՄՀՀ-ի, ՀՀ ԱՆ հետ ուսումնասիրել բուժումից հրաժարվողների խնդիրը և քննարկել ոստիկանության հետ:

Վահան Պողոսյանը նկատեց, որ դա կարելի է իրականացնել կոնկրետ դեպքերի հիման վրա բացատրելով ոստիկանությանը՝ սակայն առանց ՀՀ ԱՆ միջամտության և մասնակցության:

Մամիկոն Հովսեփյանը հորդորեց հետևել այդ նամակում նշված առաջարկների կատարման ընթացքին, պարբերաբար տեղեկացնել ԳՀ-ին կատարման մասին, ինչը դրական կանդրադառնա դրամաշնորհային ծրագրի համար դիմելու դեպքում:

Հասմիկ Հարությունյանը շարունակեց և տեղեկացրեց, որ ԳՀ առաջարկով պետք է վերանայել մեթադոնային բուժման ուղեցույցը, որի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: ՀՀ ԱՆ փոխնախարարի հանձնարարականով վերանայվել է նարկոլոգիական հիվանդների բուժման (ներառյալ մեթադոնային բուժում) չափորոշիչը, որը շուտով պետք է քննարկվի ՀՀ առողջապահության նախարարությունում և ներկայացվի հաստատման, ինչպես նաև գրանցվի ՀՀ արդարադատության նախարարությունում: Այդ աշխատանքները ևս մոտենում են ավարտին և վերջնական տարբերակները շուտով կշրջանառվեն: Մյուս հարցը վերաբերվում է կրկին մեթադոնային փոխարինող բուժմանը, սակայն բանտային համակարգում, այդ առումով գրվել է նամակ քրեակատարողական վարչությանը ծրագրում ընդգրկվածների թիվը 50-ով ավելացնելու համար, որպեսզի հերթում գտնվողներ չլինեն: Ընդհանուր առմամբ մեթադոնային ծրագրում ընդգրկված շահառուների թիվն ունի աճման միտում: Միաժամանակ նշվեց, որ Վանաձորի ծրագրում հանձնաժողովում ոստիկան չկա, սակայն ընդգրվածության աճի միտում ևս չի նկատվում, ինչը սակայն, ուսումնասիրությունների և քննարկումների դադարեցում իհարկե չի ենթադրում:

Տուբերկուլոզի վերաբերյալ ՀԿԽ-ին գրվել է նամակ և առաջարկվել է ընդլայնել սոցիալական աջակցության ծրագրերը՝ բանտային համակարգի ընդգրկումով: Ընդ որում ծրագրում պետք է ընդգրկվեն թե դեղակայուն և թե ոչ դեղակայուն տուբերկուլոզով հիվանդները, որպեսզի բանտարկյալները կարողանան ստանալ թարմ սննդի փաթեթներ: Այդ հարցով դիմել ենք նաև քրեակատարողական վարչությանը, այժմ ընթացակարգային հարցերն են կարգավորվում և ծրագիրը կներդրվի հենց սույն՝ հոկտեմբեր ամսից:

Պետությունն արդեն ստանձնել է պարտավորություն գնելու հակաՏԲ առաջին շարքի դեղերը 2016թ-ից, քանի որ մինչ այդ դեղերի ձեռք բերումը նախատեսվում է դրամաշնորհային ծրագրով: Այս մասին ևս նախարարը նամակով տեղեկացրել է ԳՀ ներկայացուցիչներին:

Բնակչության զանգվածային հետազոտությունների համար նախատեսված շարժական ռենտգեն սարքի ձեռք բերման նպատակով կազմվել է դրա տեխնիկական բնութագիրը և գնման համար ԳՀ համաձայնությունը ստանալուց հետո կկազմակերպվի ներկա դրամաշնորհից խնայված միջոցներով սարքի գնման գործընթացը:

Ինչ վերաբերվում է ինժեների վերապատրաստմանը Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում, ապա դա արդեն իրականացված է:

Վերջին դրամաշնորհը Առողջապահական Համակարգի Հզորացումն է (ԱՀՀ), որի շրջանակներում մշակվել է առողջապահական քաղաքականության մասին փաստաթուղթ, որը վերանայման կարիք ունի, և դիտողությունների հիման վրա գտնվում է վերանայման փուլում, որից հետո կանցնի հաստատման ընթացակարգ:

Մյուս հարցը վերաբերվում էր ցավազրկման, ցավամոքման և պալիատիվ խնամքի ուղեցույցների ընդունմանը, այդ փաստաթուղթը մշակվել է ծրագրի շրջանակներում և գտնվում է վերանայման փուլում: Այդ աշխատանքներով զբաղվում է նաև ՀՀ ԱՆ իրավաբանական վարչությունը և նոյեմբեր ամսվա ընթացքում արդեն կունենա ավարտուն տեսք և կհաստատվի առողջապահության նախարարի հրամանով:

Թմրանյութերի բժշկական նպատակներով օգտագործման մասին օրենքի փոփոխություն է նախատեսվում, որը վերջնական տեսքով հանձնվել է իրավաբանական վարչությանը և ակնկալվում է որ սույն տարեվերջին դրանք հնարավոր կլինի արդեն շրջանառել:

Ֆրանսիական 5% նախաձեռնության աջակցությամբ ՁԻԱՀ դրամաշնորհի ձևակերպման համար խորհրդատու հրավիրելու նպատակով լրացվել և ուղարկվել է դիմումի հայտ, որն ընդունվել է ֆրանսիական կառավարության կողմից:

Խոսքը փոխանցվեց «Առաքելություն Արևելք» ՀԿ ներկայացուցիչ Նարինե Կոստանյանին, ով ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցառումները:

Նախապատրաստվել են աութրիչ աշխատողների գիտելիքների գնահատման հարցաթերթիկներ, որոնցով առաջիկա շաբաթվա ընթացքում կիրականացվի այդ աշխատողների գիտելիքների գնահատում և ըստ արդյունքների կկազմակերպվեն վարժանքներ:

Իրականացվել են երեք խոցելի խմբերի՝ մարմնավաճառ, հոմոսեքսուալ տղամարդիկ և ներերակային թմրամիջոց օգտագործողներ, 50-ական ներկայացուցիչների շրջանում ծրագրից գոհունակության մակարդակի վերաբերյալ հարցումներ, որոնց տվյալները մշակման փուլում են և շուտով կլինեն արդյունքներ, որոնք կներկայացվեն հաջորդ հանդիպման ընթացքում:

Ինչ վերաբերվում էր հետևողական լինելուն և հնարավորինս աջակցելուն «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Իրական մարդիկ իրական աշխարհ» ՀԿ-ների կողմից իրականացվող իրավաբանական խորհրդատվության տրամադրման ծրագրին, ապա այդ առումով նրանց տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ, որոնցից արդեն օգտվում են մեթադոնային ծրագրի շահառուները: Կիրառվում է նաև հեռախոսային թեժ գիծ, որով անմիջապես կապվում են իրավաբանին: Իրավաբանի՝ տեղամասերում շաբաթական գոնե մեկ անգամ լինելու առաջարկը, թերևս դեռ հնարավոր չէ իրականացնել, քանի որ վերջինիս աշխատանքային ժամերը դա թույլ չեն տալիս: Սակայն հեռախոսով նա միշտ հասանելի է: Բացի այդ «Առաքելություն Արևելք»-ը առաջարկել է իր ծառայությունները բուկլետների, պաստառների տպագրության և այլ հարցերում աջակցության տեսքով:

Էլեն Գալայջյանը ներկաներին տեղեկացրեց, որ ԳՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի խմբակցությունում Հայաստանի ներկայացուցիչը նախկինում եղել է ՀՀ Առողջապահության նախարարը, իսկ այժմ նկատի ունենալով նախարարի զբաղվածությունը` նախարարի համաձայնությամբ որպես Հայաստանի ներկայացուցիչ առաջարկվում է ՀՀ ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանի թեկնածությունը: ՄՀՀ ներկա անդամների կողմից առաջարկությանը առարկություններ չեղան:

9. Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին մասնակցության, ակտիվության համար և նիստը համարեց փակված:

Նյութեր. Ներբեռնել ZIP