ՄՀՀ նիստի արձանագրություն թիվ 13

Ամսաթիվ՝ Նոյեմբերի 28, 2014թ.

Նիստի անցկացման վայր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Նիստը նախագահող` Վ. Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մասնակիցներ

ՄՀՀ անդամներ

  1. Վահան Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  2. Շուշանիկ Ղուկասյան, ՀՀ արդարադատության նախարարություն
  3. Ստեփան Բարսեղյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
  4. Նարինե Կարապետյան, ՀՀ ոստիկանություն
  5. Ծաղիկ Վարդանյան, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչություն
  6. Գոհար Փանաջյան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչություն
  7. Ժենյա Մայիլյան, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
  8. Վիկտորիա Ավակովա, UMCOR Հայաստան
  9. Լուսինե Քոչարյան, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
  10. Անահիտ Պապիկյան, Բաց հասարակության հիմնադրամներ
  11. Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն
  12. Նարինե Կոստանյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  13. Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
  14. Նինա Հարությունյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  15. Արթուր Պոտոսյան, «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ
  16. Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
 

Այլ մասնակիցներ

  1. Քնար Խուդոյան, epress.am
  2. Լենա Նանուշյան, ՄԱԿՁԻԱՀ
  3. Հովհաննես Մադոյան, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
  4. Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ
  5. Արսեն Ասլանյան, ԳՀ տեղային գործակալ
  6. Ֆաբիեն Նեյրաթ, Ֆրանսիայի դեսպանատուն
  7. Սամվել Գրիգորյան , ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
  8. Լարիսա Մինասյան , Բաց Հասարակության Հիմնադրամներ
  9. Էլեն Գալաջյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  10. Աստղիկ Բերեզովսկայա, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ, ՄՀՀ քարտուղարություն
  11. Մայա Սիմոնյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  12. Տաթևիկ Կոստանյան, ՄՀՀ քարտուղար
  13. Վարդան Գրիգորյան, ՄՀՀ քարտուղարի ադմինիստրատիվ օգնական

Նիստի օրակարգ

  1. Բացման խոսք, նիստի օրակարգի ներկայացում և հաստատում: Քննարկվելիք հարցերի վերաբերյալ պոտենցիալ շահերի բախման վերհանում
  2. «Առողջապահական Համակարգի Հզորացում» դրամաշնորհային ծրագրի ՀՍ և ԵՍ հետ Վերահսկող Մարմնի հանդիպման հաշվետվության ներկայացում
  3. «Առաքելություն Արևելք» ՀԿ հետ Վերահսկող Մարմնի հանդիպման հաշվետվության ներկայացում
  4. ՄՀՀ ներկա կազմի վերահաստատում
  5. ՄՀՀ նոր, առաջարկվող կառուցվածքի քննարկում և հաստատում
  6. Այլ հարցեր
  7. Փակման խոսք

Քննարկում և որոշումներ

1. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը: Նա ողջունեց ներկաներին և ներկայացրեց նիստի օրակարգը, որը հաստատվեց ՄՀՀ բոլոր ներկա անդամների կողմից:

Այնուհետև Վ. Պողոսյանը խնդրեց, որ կանոնակարգի համաձայն ՄՀՀ բոլոր անդամները լրացնեն իրենց տրամադրված Շահերի Բախման առկայությունը/բացակայությունը հավաստող թերթիկները և հանձնել ՄՀՀ քարտուղարությանը:

Նա նաև ներկայացրեց ՄՀՀ նոր քարտուղար Տաթևիկ Կոստանյանին:

Խոսքը տրվեց ՎՄ անդամ Անահիտ Պապիկյանին.

2. Անահիտ Պապիկյանը ներկայացրեց «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի ՀՍ և ԵՍ հետ Վերահսկող Մարմնի հանդիպման հաշվետվությունը (կցվում է արձանագրությանը):

Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց խոսնակին և միաժամանակ ներկաներին տեղեկացրեց, որ ՎՄ գործառույթը ծրագրերի իրականացման ուսումնասիրությունը և վերլուծությունն է` նրանք առավել արդյունավետ և թափանցիկ դարձնելու առումով, ուստի դեկլարատիվ բնույթի հաշվետվությունների փոխարեն, երբ 3 րոպեում ներկայացվում է մոտ 3 տարվա ծրագիր, նա առաջարկեց մշակել ձևաչափ, որով հնարավոր կլինի մանրամասն վերլուծել ծրագրերի կատարողականները և հայտնաբերել թերությունները (գումարներ, պայմաններ, ծառացած խնդիրներ, խնդիրների լուծումներ, մշակված փաստաթղթերի հաստատում), իսկ հաշվետվությունների ներկայացման համար ՄՀՀ նիստ հրավիրել՝ օրակարգում այլ հարցեր չընդգրկելով:

Նշված ծրագրի վերաբերյալ նա հետաքրքրվեց, արդյոք մշակված փաստաթղթերը հաստատվել և կիրառում են ստացել, քանի որ եթե երեք տարվա ընթացքում մշակված փաստաթղթերը մինչև այժմ գործածության չեն դրված, ապա այդ աշխատանքները կարելի է համարել անարդյունավետ:

Հասմիկ Հարությունյանը պատասխանեց, որ վերոնշյալ ծրագրերով կնքված պայմանագրերի աշխատանքային նկարագրերով նախատեսված է եղել այդ փաստաթղթերի մշակում, ձևակերպում և ներկայացում նախարարությանը՝ հաստատման նպատակով, իսկ հաստատումը նախատեսված չի եղել:

Վահան Պողոսյանը ամփոփելով վերը նշվածը, կրկին առաջարկեց ՄՀՀ-ին քվեարկությամբ որոշել թե ինչ տեսքով պետք է ներկայացվեն ՎՄ հաշվետվությունները, որպեսզի դրանք լինեն ավելի ընդգրկուն, անդրադառնան մանրուքներին և չսահմանափակվեն միայն ծրագրային դրույթներով:

Այնուհետ առաջարկվեց, որ ՎՄ-ը ներկայացնի իր կողմից կատարվող աշխատանքների ժամանակացույց և հաշվետվությունների ներկայացման ձևաչափ, որը հնարավորություն կտա ՄՀՀ-ին տեսնել ծրագրերն ամբողջ խորությամբ, թափանցիկ և կօգնի համապատասխան որոշումներ կայացնելուն:

Վիկտորիա Ավակովան հարցրեց, թե աուդիտների, ծրագրային հաշվետվությունների առկայության պարագայում, որն է ՎՄ դերը:

Վահան Պողոսյանը պարզաբանեց, որ ԳՀ-ն իր գնահատականն է տալիս ինդիկատորների, բաղադրիչների վերաբերյալ, իսկ ՄՀՀ-ն ՎՄ միջոցով դրանք պետք է ամփոփի և իր գնահատականների արդյունքում առաջարկներ անի ծրագրերը առավել օգտակար դարձնելու, հաշվի առնելով երկրի շահերը:

ՎՄ հաշվետվություններում ներկայացված հանձնարարականները ՄՀՀ քարտուղարությունը պետք է ձևակերպի և ՄՀՀ անունից ներկայացնի ՀՍ-ին, տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարություն, այլ ոչ թե դա ընդամենը ընդունվի ի գիտություն:

Քննարկումների արդյունքում առաջարկվեց, որ հետագայում մշակվի ՎՄ հաշվետվությունների ներկայացման ձևաչափ, ինչպես նաև ՎՄ-ը ներկայացնի իր աշխատանքների ժամանակացույցը 2015թ համար:

Հարցը դրվեց քվեարկության.

ՄՀՀ նիստին ներկա անդամների քվեարկությամբ միաձայն ընդունվեց ՎՄ կողմից մինչև հաջորդ ՄՀՀ նիստը 2015թ. աշխատանքների ժամանակացույց և հաշվետվությունների ներկայացման չափորոշիչներ մշակելու առաջարկությունը:

3. Վահան Պողոսյանը նկատի ունենալով քիչ առաջ ընդունված որոշումը նկատեց, որ օրակարգի 3-րդ հարցում ընդգրկված ՎՄ հաշվետվությունը կարելի է ներկայացնել նոր ձևաչափով և առաջարկեց հանել այն օրակարգից և ներկայացնել հետագա նիստերի ընթացքում: Առաջարկը դրվեց քվեարկության.

ՄՀՀ նիստին ներկա անդամների քվեարկությամբ միաձայն որոշվեց օրակարգից հանել 3-րդ հարցը:

4. Վահան Պողոսյանը տեղեկացրեց, որ ներկայիս ՄՀՀ-ի անդամների լիազորությունների ժամկետն ավարտվում է և առաջարկեց երկարացնել այդ ժամկետը քվեարկությամբ վերահաստատման միջոցով մինչև նոր ընտրությունների կազմակերպումը, որը տեղի կունենա ՄՀՀ նոր կառուցվածքի հաստատումից հետո (օրակարգի հաջորդ հարց): Առաջարկեց քննարկել 2 ամսով երկարացման տարբերակը:

Քննարկումների արդյունքում առաջարկվեց ՄՀՀ անդամության ժամկետը երկարացնել մինչև 2015թ փետրվարի վերջ՝ հաշվի առնելով, որ նոր տարվա առաջին երկու շաբաթը ոչ աշխատանքային են լինելու:

Հարցը դրվեց քվեարկության.

Քվեարկության արդյունքում 14 կողմ և 2 ձեռնպահ ձայներով ՄՀՀ անդամների լիազորությունների ժամկետը մինչև 2015թ փետրվարի վերջը երկարացնելու որոշումը հաստատվեց ՄՀՀ կողմից:

5. Վահան Պողոսյանը հայտնեց, որ ՄՀՀ նոր կառուցվածքը հաստատելու նպատակով նախորդ նիստերի ընթացքում և էլ փոստի միջոցով կազմակերպվել են քննարկումներ և սույն նիստին է ներկայացվում այդ քննարկումների արդյունքում շրջանառության մեջ դրված փաստաթղթի վերջին տարբերակը (կցվում է արձանագրությանը): Խոսքը տրվեց ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանին, ով ընթերցեց հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթը՝ ՄՀՀ նոր կառուցվածքի վերաբերյալ (կցվում է արձանագրությանը) և նշեց, որ ՄՀՀ նոր կառուցվածքի ներկայացվող փաստաթղթում հաշվի են առնվել գրեթե բոլոր առաջարկությունները, մասնավորապես նվազեցվել է ՄՀՀ կազմը 37-ից 30, նվազեցվել են միջազգային կազմակերպությունները, 1-ով նվազել են ՄԱԿ և Կրթական ոլորտի ներկայացուցչությունները:

Առաջարկվեց քվեարկությամբ հաստատել նոր կառուցվածքում ՄՀՀ կազմը 30 հոգուց բաղկացած լինելու մասին առաջարկությունը:

Քվեարկության արդյունքում 12 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով ՄՀՀ կազմը 30 հոգուց բաղկացած լինելու մասին որոշումը հաստատվեց ՄՀՀ կողմից:

Այնուհետ քննարկվեցին և քվեարկվեցին ՄՀՀ կազմում առաջարկվող բոլոր փոփոխությունները:

Քանի որ քննարկումների և քվեարկության ընթացքում ՄՀՀ անդամների միջև ծագեցին տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես` կառավարական հատվածում ընդգրկվող գերատեսչությունների վերաբերյալ, քվեարկությունից անմիջապես հետո խոսք վերցրեց ՄՀՀ նախկին քարտուղար Սամվել Գրիգորյանը: Նա հայտնեց իր մտահոգությունը, որ առկա է որոշակի անհամապատասխանություն, երբ ՄՀՀ կառուցվածքում հասարակական կազմակերպությունների համար հաստատվում է ընդամենը տեղերի քանակը և այդ կազմակերպությունները ընտրությունները կազմակերպվում են հենց իրենց միջև, իսկ կառավարական հատվածի համար ՄՀՀ-ն է ընտրում կոնկրետ ներկայացուցիչներին:

Սամվել Գրիգորյանը հավելեց, որ Գլոբալ Հիմնադրամի ուղեցույցներում և պահանջներում հստակ նշված է, որ ոչ պետական ոլորտը պետք է ընտրվի իր ներքին ընթացակարգերով և իր ընտրազանգվածի կողմից, որը պետք է ընդունվի ի գիտություն ՄՀՀ կողմից: Իսկ պետական ոլորտի համար ընտրության որևէ պահանջ ներկայացված չէ: Նախկինում, ՄՀՀ-ի գործունեության հենց սկզբից, կառավարությունն ինքն է որոշել, թե ով է ներկայացնելու պետական ոլորտը ՄՀՀ-ում և դա լիովին համապատասխանել է Գլոբալ հիմնադրամի ուղեցույցներին, որի վկայությունը հաջողությամբ հաստատված ծրագրային առաջարկներն են: Նրա կարծիքով անհրաժեշտ է պետական ոլորտի համար հաստատել ընդամենը տեղերի քանակը, իսկ կառավարությունը կառաջադրի այն շահագրգիռ պետական մարմիններին, որոնց ներկայությունը ՄՀՀ-ում ոլորտին հատկացված տեղերին համապատասխան կդիտարկվի որպես առաջնահերթություն արդյունավետ աշխատանքի համար:

Նա առաջարկեց ՄՀՀ քարտուղարությանը նույնպես կարծիք հայտնել նշված հարցի վերաբերյալ:

Տաթևիկ Կոստանյանը պատասխանեց, որ պետական հատվածի ընտրության վերաբերյալ Գլոբալ Հիմնադրամի կողմից հստակ պահանջներ չկան, բայց ստեղծված իրավիճակում այդ հարցը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի:

Վահան Պողոսյանը առաջարկեց հանձնարարել ՄՀՀ քարտուղարությանը ճշտել Գլոբալ Հիմնադրամի վերջին ուղեցույցները, պահանջները, ինչպես նաև ՄՀՀ կանոնակարգերը, իրավական հիմքերը, որպեսզի հաջորդ նիստի ընթացքում ներկայացվելիք ՄՀՀ կազմի ձևավորման սկզբունքները լիովին համապատասխանեն բոլոր պահանջներին:

Քվեարկությունների արդյունքում հաստատվեց ՄՀՀ հետևյալ կառուցվածքը`

  1. Կառավարական հատված` 9 տեղ
  2. Գործընկեր կազմակերպություններ՝ 4 տեղ
  3. Միջազգային կազմակերպություններ՝ 3 տեղ
  4. Առողջապահության բնագավառում գիտական և կրթական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն՝ 1 տեղ
  5. Հիվանդությամբ ապրող մարդիկ՝ 2 տեղ
  6. Մասնավոր հատված՝ 1 տեղ
  7. Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ 1 տեղ
  8. Հիմնական Ստացող՝ 2 տեղ
  9. Տեղական ՀԿ՝ 7 տեղ
  10. Ընդամենը՝ 30 տեղ

ՄՀՀ քարտուղարությանը հանձնարարվեց ճշտել Գլոբալ Հիմնադրամի վերջին ուղեցույցները, պահանջները, ինչպես նաև ՄՀՀ կանոնակարգերը, իրավական հիմքերը, որպեսզի հաջորդ նիստի ընթացքում ներկայացվելիք

ՄՀՀ կազմի ձևավորման սկզբունքները լիովին համապատասխանեն բոլոր պահանջներին:

ՄՀՀ նիստին ներկա անդամների քվեարկությամբ առաջարկն ընդունվեց միաձայն:

6. Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ խոսքը տրվեց Տաթևիկ Կոստանյանին, ով տեղեկացրեց, որ այսուհետ գործելու է ՄՀՀ ինտերնետային կայքը, որը տեղակայված է www.ccmarmenia.am տիրույթում: Կայքը գործելու է հայերեն և անգլերեն լեզուներով, այնտեղ տեղակայվելու են շրջանառվող բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները: Նա նաև ներկաներին հորդորեց կիսվել կայքի վերաբերյալ առաջարկություններով և դիտողություններով, շեշտեց որ ներկայացվող տարբերակը դեռ վերջնականը չէ և ենթակա է փոփոխությունների, լրացումների:

7. Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին մասնակցության, ակտիվության համար և նիստը համարեց փակված:

Նյութեր. Ներբեռնել ZIP