Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նիստ

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոքր նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը: Նիստին բացման խոսքով հանդես եկավ Առողջապահության նախարարի տեղակալ տիկին Լ. Նանուշյանը: Վերջինս ողջունեց նիստին ներկա ՄՀՀ անդամներին և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ՄՀՀ անդամներին առաջարկելով լրացնել շահերի բախման թերթիկները՝ նշելով այն ՄՀՀ օրակարգային հարցերը, որոնք կարող են շահերի բախում առաջացնել: Այնուհետև, անցնելով ՄՀՀ օրակարգային հարցերին՝ խոսքը փոխանցեց ՄՀՀ հիմնական ստացող և ենթաստացող հանդիսացող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հերթականությամբ ելույթ ունեցան տկն. Հասմիկ Հարությունյանը ՀՀ առողջապահության նախարարության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար, Տրդատ Գրիգորյանը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնից, Նարինե Խաչատրյանը «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից, Վաչե Մկրտչյանը «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից»՝ ներկայացնելով ծրագրային հաշվետվություններ 2018 թվականին և 2019 թվականի 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նիստի եզրափակիչ ելույթը ՄՀՀ «Համայնք, Իրավունք, Գենդեր» աշխատանքային խմբի համակարգող Մարիամ Մուրադյանինն էր, ով ներկայացրեց աշխատանքային խմբի 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքները  և ներկայացրեց աշխատանքային խմբի նոր անդամներին: